Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Մարդանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստին նրա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացրեց։

Ավելի վաղ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախագահող դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի համայնքապետի նկատմամբ. «Դա դրսեւորվեց երբ առանց բավարար հիմնավորումների շարունակեց պահել կալանքի տակ։ Կարծում եմ՝ այդ բացասական վերաբերմունքը դեռ շատ է դրսեւորվելու տարբեր դրվագներում, նաեւ դեր է խաղալու վերջնական դատական ակտում։ Բացասական վերաբերմունքը ոչ մի դատավոր երբեք դատական նիստին չի արտահայտում»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10–ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Գործով նախագահող դատավորն էլ Գեւորգ Պողոսյանի որոշումն անփոփոխ էր թողել։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, եւ որակում է այն որպես քաղաքական հետապնդում։