Գյուղացին իր պրոբլեմների հետ մենակ է մնացել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Խնդիրը վերաբերում է թե նրանց, որոնք հաց են աճեցնում, թե նրանց, որոնք այդ հացն ուտում են: Ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր սերմացուի, պարարտանյութի, վառելիքի գները, հիմա դա չկա: Անձամբ ես կողմ եմ ոչ թե սուբսիդավորել ներմուծողին, այլ դոտացիա տալ արտադրողին: Իսկ հիմա գյուղացին իր խնդիրների հետ մնացել է մեն-մենակ:

Պարարտանյութի, սերմացուի ու վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում: Մեկ պարկ ամոնյակային սելիտրան, որը դեռ անցյալ տարի վաճառվում էր 6-7,5 հազար դրամով, հենց հիմա վաճառվում է 20 հազար դրամով: Շատերը վարկ են վերցրել, որ աշնանացան կատարեն, վաղը վարկը վերադարձնելու խնդրի առաջ են կանգնելու:

Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է, մարդկանց սեփական միջոցները չեն հերիքում, իսկ վարկունակությունը բավարար չէ վարկ վերցնելու համար, շատերը վար ու ցանքս չեն անելու, դաշտերը կմնան ամայի»,–ասաց Խաչատրյանը և նշեց, որ սուբսիդավորման հարցը հենց հիմա պետք է լուծվի, պարարտանյութ կարող է չլինել, իսկ վաղը ուշ կլինի։

«Եթե առաջիկա օրերին հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու։ Հասկացե՛ք վերջապես, թանկ պարարտանյութը, սերմացուն և վառելիքը նշանակում են թանկ և քիչ հաց, միրգ, բանջարեղեն և մսամթերք։ Մսամթերքի թանկացումը չի կարող թանկացումների շղթայական ռեակցիա չառաջացնել  և երբ գների աճը վաղը դուրս գա վերահսկողությունից չփորձեք ձեր ձախողումը բարդել քովիդի, արտաքին շուկայի և գլոբալ տաքացման վրա»,–ասաց նա: