Քաքայված ոռոգման համակարգերի պատճառով Ախալցխայի գյուղացիները չեն կարող ջրել իրենց մշակաբույսերը, հայտնում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:
«Ոռոգման ջուր չկա: Հնձում ես, ցանում ես, մինչեւ վերջ խնամում ես, հոգ ես տանում մշակաբույսերիդ մասին, սակայն վերադառնում ես եւ տեսնում չորացել են»,-բողոքում է Ախալցխայի գյուղերից մեկի բնակիչ, միայնակ ապրող 77-ամյա Մաղվալա Բարձիմաձեն:
Գյուղում ծանր ապրուստ ունեն հատկապես բազմանդամ ընտանիքները:
«Եթե չջրես, ոչինչ էլ չես ստանա: Իզուր ենք աշխատում: Հարսս եւ որդիս աշխատում են դպրոցում, սակայն մեր մեծ ընտանիքին նրանց աշխատավարձերը չեն հերիքում»,-ասում է 71-ամյա Վերա Թորոսյանը, ում ընտանիքը բաղկացած է 6 մարդուց:
Գյուղի մեկ այլ բնակիչ 64-ամյա Մարիամ Գիմիշյանը նույնպես բողոքում է. «Եթե տեսնեք իմ ցանած կարտոֆիլի վիճակը ձեր լացը կգա: Այդ պատճառով էլ քիչ ենք ցանում, որ գոնե ընտանիքի անդամներն օգտվեն»:
Արդեն երկար տարիներ է, ինչ գյուղի ոռոգման համակարգերը չեն աշխատում եւ գյուղացիները բավարար բերք չեն ունենում, այն վաճառքի հանելու եւ գումար վաստակելու համար, այնինչ նրանց ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է:
Գյուղում ոռոգման համակարգերի վերանորոգման մասին ոչ ոք չի մտահոգվում, դա է պատճառը, որ «Գյուղի աջակցման ծրագրով» ստացած գումարով գյուղի ղեկավարությունը ավելի կարեւոր է համարել վերանորոգել գյուղի մշակույթի տունը:
«Ոռոգման համակարգերի վերանորոգումը սուր խնդիրներից մեկն է: Մինչ այսօր չգիտենք թե ում ենթակայության տակ են գտնվում ոռոգման ջրատարները, եւ ումից պետք է պատասխան պահանջենք»,-ասում է Ջավախքի տարածաշրջանային զարգացման գործակալության տնօրեն Նանա Զուբաշվիլին:
«Ջուրն անհրաժեշտ է բոլորի եւ ամեն ինչի համար, հատկապես այս շոգ ամռանը: Երաշտին ոչինչ չի դիմանում անգամ մշակույթը, ինչին ջուրը հարկավոր չէ»,-հեգնում է գյուղի բնակիչ 62- ամյա Վարդիթեր Թոսունովը, ով իր այգին ջրելու համար 50մ հեռավորության վրա գտնվող գյուղի աղբյուրից երկու դույլ ջուր բերելուց, ճանապարհին 3 անգամ կանգ է առնում:




























