Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն ապշած ու տարակուսած է ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով իրեն առաջադրված մեղադրանքի փաստից:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, թե առաջադրված մեղադրանքի բնույթից «զռում» է, որ իր դեմ «զակազ» է իրականացվում: Թե կոնկրոտ ում «զակազի» մասին է խոսքը` Արարատի նախկին մարզպետը չբարձրաձայնեց:Ասաց միայն, որ երկու անգամ կանչել են դատախազություն, սակայն իր ներկայացրած պարզաբանումները դատախազությունում բանի տեղ չեն դրել: Նա հուլիսի 20-ին, օրվա առաջին կեսին եկել էր մայրաքաղաք եւ, իր հավաստմամբ,պիտի արխիվային ինչ-որ նյութեր ուսումնասիրեր:

Մինչ այդ նա պատասխանեց NEWS.am-ի հարցերից մի քանիսին, եւ խոստացավ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առավել հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ, սակայն այդպես էլ երկրորդ անգամ չհաջողվեց զրուցել նրա հետ: Ինչեւէ, ներկայացնում ենք նրա հետ NEWS.am-ի կարճ զրույցը:

Պարոն Հովակիմյան, Ձեզ մեղադրանք է առաջադրվել ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես 315-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետեւանքներ»: Կասե՞ք, թե ինչ անփութության մասին է խոսքը, որն առաջացրել է մահ:

Ասում են, թե ես եմ ոստիկանին սպանել: Հիշում ե՞ք, ոստիկանությունում տեղակալ կար, որին սպանեցին: (նրա խոսքում ակնհայտ հեգնանք կար- NEWS.am)

Ո՞ր տեղակալի մասին է խոսքը: Գեւորգ Մհերյանի՞:

Հա, Մհերյանին ես եմ սպանել:

Ինչպես թե…

Բա, այդպես է գրված, չէ՞:

Մեղադրանքում նշվում է այդ հոդվածը` պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետեւանքներ:

Այսինքն, Դուք ո՞նց եք սպանել Մհերյանին:

Սպանել եմ, էլի…

Ո՞նց:

Գնացել եմ, սպանել եմ…

Պարոն Հովակիմյան, այսինքն, Ձեզ ասել են, որ Դուք մեղադրվում եք Մհերյանի սպանության մե՞ջ:

Հենա, գրված ա` սպանության փորձ, մահափորձ…

Այո, պաշտոնեական անփութություն, որը առաջացրել է մահ կամ այլ ծանր հետեւանքներ:

Հա, էն ժամանակ, որ Մհերյանը մահացավ, ես մարզպետ էի, չէ՞…տենց երեւի:

Պարոն Հովակիմյան, Ձեզ ասել են, որ Դուք մեղադրվում եք Մհերյանի սպանության մե՞ջ, թե՞ Դուք ենթադրում եք:

Ես ենթադրում եմ, եթե մահը կա, դա ա…

Լավ, ինչ վերաբերում է ՔՕ մյուս հոդվածներին` պաշտոնեական դիրքի չարաշահում կամ պաշտոնեական կեղծիք:
Ես գլխավոր դատախազության կարեւորագույն գործերով դատախազին տվել եմ համապատասխան փաստաթղթերը, ասել եմ` այ, վերցրեք, սա` սա է, սա է, սա է, դուք ինչ որ ասում եք, ձեր ասածը իրականությանը չի համապատասխանում: Մեղադրանքում գրում են, որ ես գյուղնշանակության հողը հատկացրել եմ կառուցապատման իրավունքով: Դատախազության քննիչը չի էլ հասկանում`  կառուցապատումն ինչ է: Դուք կադաստրի աշխատողին հարցրեք, թե կառուցապատում ի՞նչ է նշանակում: Ես հող չեմ օտարել, կառուցապատման իրավունքով եմ տվել այդ հողը:

Ո՞ւմ եք տվել:

Մի կազմակերպության:..Իմ ներկայացրած փաստերի վերաբերյալ իրենք ասում են` դա մեզ չի հետաքրքրում: Ես ինչ կարող եմ անել այդ դեպքում, ո՞ւմ վրա կարող եմ հենվել, ո՞ւմ հավատալ:

Պարոն Հովակիմյան, եթե Դուք ունեք փաստեր, որոնք կապացուցեն Ձեր անմեղությունը, դուք ներկայացրեք այդ փաստաթղթերը:

Ես երկու տարում էդ ի՞նչ եմ աշխատել, ի՞նչ եմ արել, որ այդքանը գրել-դրել են վրաս: Պարզ չի՞, որ դա զակազ ա:

Ո՞ւմ զակազը կարող է լինել:

Բոլորի, բոլորի…

Այսինքն` ողջ հանրապետությա՞ն, թե Դուք ինչ-որ պաշտոնյայի նկատի ունենք:

Այստեղ մեր զրույցը ընդհատեցինք, քանի որ Հովակիմյանը հայտարարեց, որ շտապում է եւ խոստացավ իր անմեղությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացնել NEWS.am-ի խմբագրություն:

Հիշեցնենք, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին հուլիսի 19-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական դիրքի չարաշահում) եւ 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետեւանքներ):

Վ. Հովակիմյանի  նկատմամբ,  որպես  խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:  Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, այս գործի հետեւում, հնարավոր է, կանգնած է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,  որի հարաբերությունները  Վ. Հովակիմյանի հետ տեւական ժամանակ է`  լարված են: Վ. Հովակիմյանը պաշտոնանկ է արվել մեկ տարի առաջ այս օրերին: