Հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը չի ընթանում բավարար արագությամբ, քանի որ կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Ըստ նրա, այժմ գլխավոր խնդիրը այդ մոտեցումների մերձեցումն է։ «Վրաց գործընկերների հետ վերջին հանդիպումը նվիրված էր մերձեցման ուղիների որոնման հարցին»,- նշել է նա՝ հավելելով, որ այնտեղ, որտեղ չկան վեճեր, անց է կացվում նախապես համաձայնեցված սահման։ Սակայն, ինչպես նշել է Քոչարյանը, «ոչինչ համաձայնեցված չէ, եթե դեռեւս համաձայնեցված չէ ամենը»։

Խոսելով սահմանազատման հարցերով հայ-վրացական հանձնաժողովի հերթական հանդիպման անցկացման հավանական ժամկետների մասին, փոխնախարարը նշել է, որ հանդիպումն իմաստ ունի այն ժամանակ, երբ առկա է քայլ առաջ։ Նա տեղեկացրել է, որ մինչ այդ հանդիպումը դեռեւս մեծ աշխատանք է սպասվում փորձագետներին ու հանձնաժողովի համանախագահներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ու նրա վրաց գործընկեր Դավիթ Ջալագանիի երկկողմ հանդիպմանը վրաց եւ հայ փորձագետներին հանձնարարվել է կոնկրետ առաջարկներ ներկայացնել հայ-վրացական սահմանի չսահմանազատված հատվածների համաձայնեցման կապակցությամբ։ Հանդիպմանը կողմերը որոշել են աշխուժացնել երկխոսությունը՝ վերջնական նպատակի ձեռքբերման ու հատվածների համաձայնեցման հարցում մոտեցումների մերձեցման շուրջ։ Կողմերի հերթական հանդիպման ժամանակն ու վայրը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Հարկէ նշել, որ հայ-վրացական սահմանի սահմանազատումը պետք է լուծի հոկտեմբերի վերջին այստեղ ծագած հարցերը, երբ վրաց սահմանապահները մի քանի հարյուր մետր առաջ էին եկել Շիրակի մարզի Բավրա գյուղի հատվածում։ Սահմանների սահմանազատման հարցը քննարվել է նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի սեպտեմբերի 5-ին Հայաստան այցի ժամանակ։ Այն ժամանակ նախարարները ստորագրեցին դիվանագիտական ներկայացուցչությունների համար հողամասերի փոխանակման վերաբերյալ հուշագիրը։