Գյումրիի սոցծառայություններում նպաստառուների ցուցակները զգալիորեն նոսրացել են: Արդյունքում, 22 միլիոն դրամ գումար հետ է գանձվել բնակիչներից ու մուտքագրվել է պետական բյուջե: Բանն այն է, որ այն քաղաքացիները, ովքեր հենց այնպես  հայտնվել են նպաստառուների ցուցակներում, նրանց հետ պայմանագիր է կնքվել 1 տարի ժամկետով, այդ ընթացքում գումարները  հետ չվերադարձնելու պարագայում, հարցը կարգավորվելու է դատական կարգով:

Գյումրի-1 սոցծառայության նպաստների բաժնի պետ Ռաֆիկ Քոթանջյանի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տեղամասում նպաստառուների թիվը կտրուկ նվազել է: 6 ամիսների ընթացքում համակարգում հաշվառվել է 2400 նպաստառու ընտանիք:

Գյումրի 2 սոցծառայությունում, ըստ այդ ծառայության աշխատակից Էդուարդ Բաղրամյանի, համակարգում կարողացել է հաշվառվել 3 հազար ընտանիք: Թիվը բնականաբար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: Դեռեւս տարեսկզբին նպաստի համակարգում կատարվող փոփոխությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, որոնք էլ նպաստառուների թվի կրճատման հիմք են հանդիսացել:

Գյումրի 1 սոցծառայությունից ստացված տվյալներով` արդեն 350 ընտանիք պարտավորվել է գումարները հետ վերադարձնել: Մոտավոր հաշվարկներով, 10 միլիոն դրամ սոցծառայությունն արդեն գանձել է: 11 միլիոն դրամ գումար էլ պետական բյուջե ուղղվել է Գյումրի 2 սոցծառայությունից: