Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի հավատում Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը, որովհետեւ ՀԱԿ-ի եւ իշխանության կողմից իրականցվող գործողությունները համարում է թատերական բեմադրություն: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Արամ Սարգսյանը:

«Մի կողմը (ՀԱԿ-ը-NEWS.am) բացահայտ կորցրեց իր ամբողջ ազդեցությունը ժողովրդական մասսաների վրա, վերջին հանրահավաքները դա էին հաստատում, մյուս կողմը` օգտվեց այդ առիթից, որ նրանք կորցրել են այդ հզորությունը, որ ունեին, եւ օգտագործեց իր շահերի համար: Իշխանությանը շատ է ձեռք տալիս այսպիսի ռադիկալ ընդդիմություն ունենալ Հայաստանում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի կարծիքով` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ձեռնտու է երկու կողմերին: «Լեւոն Տեր-Պետրսյանը մի խնդիր ուներ` վերակենդանացնել իր քաղաքական իմիջը, քանի որ գտնվում էր խորը ատելության մթնոլորտում»,- ասաց նա: Այն, ինչ հիմա ներկայացնում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները, Արամ Սարգսյանի մոտ դեժավյու են առաջացնում, որովհետեւ «խոսում են այն մարդիկ, որոնք հանցանքներ են կատարել իրենց իշխանության տարիներին` 1995-96թթ»:

«Երբ նրանք էին նստած իշխանության աթոռներին եւ մեր դեմ էին անում այն, ինչ հիմա նրանց հանդեպ է արվում, ըստ որում` շատ ավելի ծանր պայմաններում, հիմա նստել են սրբի նման խոսում են արդարությունից, Դավիթ Շահնազարյանը հանկարծ խոսում է արդարության մասին: Այն իշխանությունը, որը կեղծեց 1995-96թթ ընտրությունները, այսօր արդարության ջատագով է դարձել»,- ասաց նա, կանխատեսելով, որ շատ շուտով կավարտվի ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը եւ դրա մասին սեպտեմբերին ոչ ոք չի էլ հիշի:

Նշենք, որ հունիսի 30-ին կայացած ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ երկխոսելու որոշում կայացնելու համար իշխանություններին ժամանակ տալիս են մինչեւ սեպտեմբեր: Իսկ հուլիսի 18-ին խորհրդակցություններ են սկսվել իշխող կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ: Առաջին հանդիպմանը հստակ օրակարգ չի ձեւավորվել: