Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում օրակարգի Երեխաների իրավունքներին վերաբերող կետի քննարկումների ժամանակ, ադրբեջանական կողմը կրկին հիշել է հայերին: Մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցիչը, հերթական անգամ շեղվելով բուն նյութից, խոսել է «Հայաստանի կողմից գրավված տարածքների», «փախստականների, անօթևան բնակչության, երեխա զինվորների, Խոջալուի վայրագությունների» մասին:
Այս անգամ, սակայն, Ադրբեջանի ներկայացուցչի երկարաշունչ ելույթն ընդհատել է նիստը նախագահողը՝ մատնանշելով, որ ադրբեջանական կողմը չարաշահում է իրեն հատկացված ժամանակը և խնդրել է ավարտել ելույթը: Իսկ երբ ադրբեջանցին փորձել է շարունակել իր ելույթը, նախագահողի կարգադրությամբ նրա բարձրախոսն անջատել են:
Օգտագործելով պատասխանի իր իրավունքը` նիստին ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, ով նշել է, որ ևս մեկ անգամ հանրությունը ականատես դարձավ, թե ինչպես է Ադրբեջանն` անկախ օրակարգի թեմայից և պատեհությունից, փորձում հակահայկական քարոզչություն ծավալել: Հայաստանի ներկայացուցիչը անդրադարձել է հայազգի բնակչության դեմ Ադրբեջանի պետության կողմից իրականացված պետական ահաբեկչությանն ու վայրագություններին, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ դարձան փախստականներ, հազարավոր երեխաներ` որբ և հաշմանդամ:
Հիշեցնենք , որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի իրավասության տակ են հումանիտար խնդիրները, այդ թվում` մարդու իրավունքներին, ինքնորոշման իրավունքին, սոցիալ-տնտեսական հիմնահարցերին, ռասիզմին, խտրականությանը, թմրանյութերի և մարդկանց ապօրինի տեղափոխման դեմ պայքարին առնչվող քննարկումները:




























