Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հուլիսի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու գործում: «Մեր երկու երկրները շուրջ 20 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, եւ այդ ընթացքում եղել են բարձր մակարդակի փոխայցելություններ, որոշակի աշխատանք է իրականացվել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մենք պատրաստակամ ենք եւ շահագրգիռ` շարունակելու զարգացնել Թաիլանդի Թագավորության հետ քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները` տնտեսության, առեւտրի եւ մշակույթի ոլորտներում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Երկուստեք կարեւորվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, որը կխթանի հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաեւ` մասնավոր հատվածում:
Դեսպան Չալերմպոլ Թանչիտը նշել է, որ հաջորդ այցը Երեւան նախատեսում է սեպտեմբերին` Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով եւ մտադիր է այցելել իր երկրի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել այդ ոլորտում համագործակցության ուղղությամբ:




























