Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։

«Հարգելի պարոն Խաչատուրյան.

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:

Կրկին ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները, մեծարգո պարոն Նախագահ», - գրված է շնորհավորանքում։

Նշենք, որ այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում 71 կողմ, 0 դեմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ: Նրան օգտին քվեարկել էր միայն ՔՊ-ն, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: