Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը համացանցի տիրույթում զսպվածության կոչ է արել Ռուսաստանում գտնվող գերմանացիներին ՌԴ-ում ռուսական զինված ուժերի վերաբերյալ «ֆեյքերի» համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին նոր օրենքի ընդունման կապակցությամբ, հաղորդում է «Նեմեցկայա վոլնան»:
«Այդ նոր օրենքի կապակցությամբ սոցիալական ցանցերում անգամ մասնավոր հայտարարությունները ՌԴ-ում կարող են ուղեկցվել անկանխատեսելի անձնական ռիսկերով»,-ասվում է պաշտոնական նախազգուշացման մեջ, որը հրապարակվել է ԳԴՀ ԱԳՆ-ի կայքում:
Փաստաթղթում ասվում է, որ մարտի 5-ից Ռուսաստանում գործում է նոր օրենք, որը թույլ է տալիս երկարաժամկետ ազատազրկման ենթարկել հրապարակային հայտարարությունների համար: Դա ավելի է սասհմանափակում օտարերկրյա լրագրողների եւ ԶԼՄ-ների աշխատանքը, եւ արդյունքում արեւմտյան հեղինակավոր ԶԼՄ-ները ստիպված են անհապաղ դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Ռուսաստանի Զինուժն օգտագործելու մասին տվյալներ պարունակող կեղծ տեղեկատվությունը հավաստի հաղորդագրությունների տեսքով հրապարակային տարածման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին:
Ուրբաթ նախագահը նաեւ ստորագրել է Ռուսաստանի Զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված հրապարակային գործողությունների համար վարչական պատասխանատվություն սահմանելու մասին դաշնային օրենք:

























