«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հարավային Կովկասի 13-րդ մրցաշարը տեղի կունենա հուլիսի 29-31-ը՝ Բաթումիում: Մրցաշարին մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի 55 թիմ:

Ժյուրիի կազմում են Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Իլյա Նովիկովը եւ Ելենա Պոտանինան:  Փառատոնի բացումը եւ առաջին փուլը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 14-ին` Բաթումիի բասկետբոլային «Բասկո» դահլիճում: Միջոցառման փակումն ու մրցանակների շնորհումը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 15-ին, «Տանամգզավարի» հյուրանոցի ամառային սրճարանում, հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Փառատոնն անցկացվում է Բաթումիի քաղաքային խորհրդի եւ քաղաքապետարանի, Աջարիայի մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Գլխավոր  հովանավորն է Caucasus Online-ը:  Հաղթողը կստանա  Grand Cup մրցանակը: Նախորդ 12 մրցաշարերի ժամանակ 5 անգամ հաղթել է Ադրբեջանի թիմը, 4 անգամ` Վրաստանի թիմը եւ 3 անգամ` Հայաստանի թիմը: