Հայ փորձագետների պատվիրակությունը՝ ի դեմս Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի, Եվրոպական կայունության նախաձեռնության քաղաքագետներ Տիգրան Մկրտչյանի, Մարիա Ամարյանի եւ Ստեփան Գրիգորյանի՝ Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնից, մասնակցելու են «Անվտանգության ոչ ավանդական սպառնալիքներն ու Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությունը» թեմայով համաժողովին, որը կայանալու է Ստամբուլում:
Համաժողովը կայանալու է հոկտեմբերի 22-ից 24-ը՝ ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրի նախաձեռնությամբ: Մարիա Ամարյանն ու Ստեփան Գրիգորյանը զեկույց են ներկայացնելու «Կովկասում իրավիճակը, աշխարհաքաղաքական փոփոխություններն ու միջազգային ներգրավման հնարավորությունը» թեմայով: Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացնելու է «Տարազգային հանցավորության եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով, իսկ Տիգրան Մկրտչյանը կխոսի ՀԿ-ների՝ հակամարտությունների կարգավորման եւ Կովկասում երկրների մերձեցման վրա ազդեցության մասին՝ հայ-թուրքական հարաբերությունների օրինակով: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչները։




























