Միկրոավտոբուսում, որը հուլիսի 26-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Վրաստանում, եղել է հայաստանցի 20 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Ըստ լրատվամիջոցի՝  միկրոավտոբուսն ընթացել է Երեւան-Քոբուլեթի երթուղով: Վթարը տեղի է ունեցել Քութաիսիում, երբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային: Պատահարի պահին ուղեւորների մեծ մասը քնած է եղել: 

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝  վթարի հետեւանքով տուժել է 11 քաղաքացի: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Երկու քաղաքացի գտնվում է Քութաիսիի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ «Գրուզիա online»-ը հայտնել էր, որ վթարի հետեւանքով տուժել է 7 ուղեւոր: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել միկրոավտոբուսի վարորդը: Լրատվամիջոցների տվյալներով՝ տուժողների մեջ կան նաեւ երեխաներ: