«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել է մամուլի ազատության 2009 թվականի ցուցիչը, որի համաձայն` Հայաստանը կրկին զիջել է իր դիրքերը՝ 101-ից իջնելով 111-րդը։
2008-ի ցուցիչով Հայաստանը ուներ 22.75 միավոր, իսկ այս տարի արդեն` 31.13:
Զեկույցում, որում ներկայացված են 2008թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակաշրջանի իրողությունները, առաջին հնգյակում են հայտնվել Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: Վրաստանը 81-րդ տեղում է, Թուրքիան` 122-րդ, Ադրբեջանը` 146-րդ, իսկ Իրանը 172-րդն է` ամենավատ կացության մեջ գտնվողների ցանկում։ Ռուսաստանը մամուլի ազատության ցուցիչում 153-րդ տեղում է:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Հայաստանից ավելի բարվոք վիճակում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Բուրկինա Ֆասոն, Տոգոն, Քաթարը, Զամբիան, Լեսոտոն, Քենիան, Փղոսկրի Ափը։
Մամուլի ազատության ցուցիչով վերջին երեք տեղերում են 173-րդից 175-րդ հորիզոնականները զբաղեցրած Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան։




























