«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է քրեականացնել երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունները։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 15-ին պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում «Քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ հրապարակային հայտարարություններ, նշված հանցագործության հրապարակային արդարացում կամ քարոզչություն»։ Այսպիսով, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, անհնար կդառնա կասկածի տակ առնել, ժխտել Հայաստանի տարածքի կամ հանրապետության տարածքի մի մասի պատկանելությունը, կամ հրապարակայնորեն արդարացնել կամ խթանել այդ գործողությունները։ Նման արարքները կպատժվեն 1-2 մլն դրամի չափով տուգանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ։
Համաձայն 2-րդ կետի՝ հրապարակային արտահայտությունները՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մերժելուն կամ սահմանափակելուն, պատժվում է 2-3 մլնն դրամի չափով տուգանքով կամ 3-5 տարվա ազատազրկմամբ։ Դա վերաբերում է նաեւ այս արարքների հրապարակային արդարացմանն ու քարոզչությանը։
Ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ պատգամավորը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը բավականին պարզ է։ Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նա ափսոսանքով նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի հասարակությունը ավելի հաճախ է այս կամ այն անընդունելի հայտարարությունների ականատես դառնում։ «Փոփոխությունների ընդունման դեպքում դրանք հիմնականում կվերաբերեն արտաքին սպառնալիքներին։ Այլ խոսքով ասած՝ այս կարգավորման այսպես կոչված, «շահառուներ» կդառնան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող անձինք։ Այս փոփոխությունները մի տեսակ կարմիր գծեր կդառնան։ Այն անձինք, ովքեր կորոշեն հատել դրանք, պետք է հստակ իմանան, որ քրեական հետապնդման են ենթարկվելու»,- պարզաբանեց Վարդեւանյանը։
Նա, մասնավորապես, օրինակ բերեց։ Այսպես, եթե որեւէ պետության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարի, որ Սեւանը պետք է խլել Հայաստանից, դրան պետք է հետեւեն պաշտոնական Երեւանի նախաձեռնած համապատասխան իրավական գործընթացները։
Իր հերթին խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց նիստը։ Նա ընդմիջում հայտարարեց ու կոչ արեց աշխատանքային քննարկումները դռնփակ անցկացնել։
Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Արփի Դավոյանը նշեց, որ նման հայտարարությունները, որպես կանոն, բնորոշ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ «Դրանք խորհրդարանի ամբիոնից հաճախ են բարձրաձայնվում ընդդիմադիր պատգամավորների կողմից»,- ասաց պատգամավորը։
Հետո նա դիմեց Վարդեւանյանին՝ խնդրելով մեկնաբանել նման պահվածքը։ Դավոյանը խոստացավ նաեւ բազմաթիվ ապացույցներ ներկայացնել իր խոսքերը հաստատելու համար։
Ի պատասխան՝ Վարդեւանյանն ասաց, որ ինքն էլ ունի նմանատիպ օրինակներ ու ապացույցներ։ «Դրանք տեսանյութեր են, որոնցում իշխող վերնախավի ներկայացուցիչները Հայաստանի ինքնիշխան տարածքներն անվանում են ադրբեջանական անկլավներ»,- ասաց պատգամավորը։
Այնուամենայնիվ, Վարդեւանյանը ստիպված եղավ հիշեցնել, որ ավելի խիստ նորմերը սովորաբար հետադարձ ուժ չեն ունենում։ Նա դա ստիպված արեց իշխող մեծամասնության ներկայացուցիչների մի շարք ակնարկներից հետո։ Դրանցից մեկի համաձայն՝ փոփոխություններին ենթակա են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ։ Դրանք, օրինակ, առնչվել են, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավներին»։
Ընդդիմադիրը կոչ արեց չքաղաքականացնել օրինագիծը եւ հաշվի առնել այն հանգամանքը, որ ապագայում ՀՀ քաղաքացիներից ոչ մեկն իրեն նման հայտարարություններ թույլ չի տա։ Նա վստահ ր, որ այդ հարցում միանգամայն հնարավոր է փոխզիջման հասնել։
Վլադիմիր Վարդանյանն իր հերթին կոչ արեց փոփոխությունները օրինագծում կատարել։ «Պետք է նշել, որ խոսքը օտարերկրյա պետությունների եւ կազմակերպությունների պաշտոնյաների, այլ ոչ թե հայ գործիչների մասին է։ Այս դեպքում հարցը կարող է քննարկվել»,- վստահեցրեց գործող իշխանության ներկայացուցիչը։
Օրինագծի հեղինակն այս առաջարկը հետաքրքիր համարեց.
Սակայն բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական փաթեթը բացասական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ Օրենսդրական նախաձեռնությանը դեմ արտահայտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները։





























