«Իհարկե, Հայաստանի կառավարությունը գիտակցում է ամբողջ պատասխանատվությունը, բայց թվում է, որ զգուշավորությունը պակասում է, թվում է, թե իրավիճակը մինչեւ վերջ հաշվարկված չէ»,-այս մասին Ստեփանակերտում հայտարարել է պատմաբան, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Մեծ տերությունները փորձում են անջատել մեզ՝ Սփյուռքը, Հայաստանը եւ Ղարաբաղը։ Այդ պարագայում մեզ հաղթել ավելի հեշտ կլինի։ Պառակտումը անթույլատրելի է։ Վերջերս տեղի ունեցած պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բոլոր հարցերը կարելի է լուծել միացյալ կամքի առկայության դեպքում»,-ասել է նա։ Ընդ որում՝ Վահրամ Բալայանը նշել է, որ իր տեսակետով, մեծ տերությունները ձգտում են բաժանել նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։

Սկզբունքորեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ չլինելով՝ պատմաբանը խորհուրդ է տալիս աչալուրջ լինել, «յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել»։

Նրա խոսքով՝ այսօր օգտագործվում է Սփյուռքի ներուժի ընդամենը 2-5%-ը, եւ տվյալ հարցում Հայաստանը եւ ԼՂՀ-ն դեռ շատ գործ ունեն անելու։