Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի վավերացման հարցը։

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին եւ ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ին։

«Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման եւ դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս հասցնելը:

Համաձայնագրով սահմանված են պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի եւ շահագործման վերաբերյալ»,- պարզաբանեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա օրենսդրորեն կանոնակարգելու եւ վերահսկելու ՀՀ տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանելու համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ, ապահովելու միջպետական համագործակցությունը:

Կարճատեւ քննարկումից հետո օրենսդրանական նախաձեռնությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։