«Մենք իշխանություններից սկսած մինչեւ թաղային տղաներին ուզում ենք հայտարարել, որ „Միացում“ ազգային նախաձեռնությունը եւ բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար պայքարում են ազգային արժանապատվության համար, չեն զիջելու: Մենք շարունակելու են մեր աշխատանքը եւ պատրաստ ենք դիմակայելու իշխանություններին»: Նման հայտարարությամբ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի եւ «Միացում» հասարակական նախաձեռնության անդամ Ալեք Յենիգոմշյանը:

Վերջինիս հայտարարությունը հատկապես պայմանավորված էր օրերս «Միացում» -ի` հայ-թուրքական արձանագրությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ ուղղված ստորագրահավաքի ժամանակ թաղային խուժանի եւ ոստիկանների կողմից կազմակերպված սադրանքով:

Հիշեցնենք, որ Նոր Նորք համայնքում 20-25 հոգի մոտեցել եւ փորձել են խոչընդոտել ու սադրանքի ենթարկել «Միացում»-ի անդամներին, իսկ երկու ոստիկանները, որոնք կցվել էին` նրանց անվտանգությունը ապահովելու համար, նախատեսված ժամանակից ավելի վաղ են հեռացել:

«Ակնհայտ երեում էր ոստիկանների եւ քրեական այդ թափթփուկների համագործակցությունը»- նշում է «Միացում»-ի մեկ այլ անդամ՝ ազատամարտիկ Արմեն Եղյանը:

Իր հերթին՝ կինոռեժիսոր, «Միացում»-ի նախաձեռնող Տիգրան Խզմալյանը հավելեց, որ հատուկ ծառայությունները ակնհայտորեն փորձում են հալածել պատերազմի մասնակիցներին, ակտիվ քաղաքացիներին, համալսարանական երիտասարդներին:

Տիգրան Խզմալյանը, որը ներկայացնում էր նաեւ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն, հայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր բանտարկվելու են եւ հալածվելու նման մեղադրանքներով, մեր կողմից դիտվելու են իբրեւ քաղբանտարկյալներ եւ հալածյալներ, ու նրանց քաղաքական կարգավիճակի մասին տեղեկացվելու է համապատասխան միջազգային կառույցներին»: