Հայաստանում պարենային իրավիճակի վատթարացման սպառնալիք չի լինի։ Այս մասին մարտի 17-ին քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը։

Նա դա բացատրեց նրանով, որ Հայաստանում ցորենի տարեկան պահանջարկն այնքան քիչ է (300 հազար տոննայից ոչ ավելի), որ դա չի ազդի Ռուսաստանից ներկրման (Ռուսաստանից ցորենի արտահանման տարեկան ընդհանուր ծավալը կազմում է 23 միլիոն տոննա՝ 76 միլիոն տոննա արտադրողականությամբ) վրա։

«Եթե անգամ Ռուսաստանից ցորենի ներկրումն ամբողջությամբ արգելվի, մենք կարող ենք ալյուր ներկրել, որը չի ներառվել սահմանափակումների ցանկում։ Մենք Ուկրաինայից ցորեն ընդհանրապես չենք ներկրում, ներկրում ենք հիմնականում Ռուսաստանից»,- ասաց պաշտոնյան։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ այդ հարցերը կկարգավորվեն ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում։

Ղազարյանը հայտնեց, որ այսօր ԵԱՏՄ շրջանակում գործում է աշխատանքային խումբ, որտեղ Հայաստանը ներկայացրել է առաջիկա երեք ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների իր կարիքները, ինչպես նաեւ այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստանը կարող է տրամադրել։

Իսկ այսօր առաջացած խնդիրները նա կապեց ոչ թե Ռուսաստանի սահմանած սահմանափակումների, այլ եղանակային պայմանների ու Վերին Լարսի անցակետի փակման հետ։ «Ժամկետները ձգձգվել են, բեռնված մեքենաները սպասում են անցակետի բացմանը»,- պարզաբանեց պաշտոնյան։

Նա ընդգծեց, որ տարեսկզբից Հայաստան ներկրված հացահատիկի ծավալները կազմել են՝ 76 000 տոննա ցորեն, 12 000 տոննա գարի, 22 000 տոննա եգիպտացորեն։ «Եթե համեմատենք սպառման տարեկան ծավալների հետ (հաշվի առնելով նաեւ այն, որ կան կուտակված պաշարներ), ապա լուրջ ռիսկեր չենք կանխատեսում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների առկայության (այդ թվում՝ պաշարների ընդլայնման) եւ ներմուծման հետ կապված իրավիճակը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- հավելեց Գեւորգ Ղազարյանը։

Հացահատիկի գարնանացանի ծավալը հացահատիկի ընդհանուր բերքահավաքում, նրա խոսքով, շատ քիչ է, եւ ընդհանուր արտադրության վրա լուրջ ազդեցություն չի ունենա։

«Ինչ վերաբերում է հացահատիկի արտադրության ծավալի ընդլայնմանը, ապա նման հնարավորություններ կան։ Հիմնական խոչընդոտը ցածր եկամտաբերությունն է։ Շեշտը պետք է դրվի ինտենսիվ գյուղատնտեսության եւ բերքատվության ավելացման վրա: Առավել նպատակահարմար է մեծ ծավալներով սուբսիդիաներ տրամադրել բարձր արտադրողականություն ապահովող տնտեսություններին։ Անմշակ հողերի օգտագործման հաշվին կարելի է հասնել 40 տոկոս ինքնաբավության»,- եզրափակեց պաշտոնյան։