ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ, NEWS.am–ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 358.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով):
Կատարվում է նախաքննություն:
Հավելենք, որ նախօրեին՝ մարտի 16-ին, մարտական դիրքում ծնոտի շրջանում հրազենային վիրավորում ստացած շարքային զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան կապակցությամբ եւս քրեական գործ է հարուցվել նույն հոդվածով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




























