ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Թինա Քեյդենաուն հոկտեմբերի 22-24-ը առաջին այցը կկատարի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Trend News գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեւիդսոնին։
Այցի նպատակը, որի ընթացքում Քեյդենաուն կհանդիպի պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ գործարար շրջանակների հետ, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի քննարկումն է։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալն այժմ գտնվում է Հայաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։




























