NEWS.am-ի հարցազրույցը «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ։
Պարոն Զուրաբյան, հոկտեմբերի 20-ին սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ, Նիկոլ Փաշինյանից շատ լուրջ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն առիթը կօգտագործի, որ մեր հանրությանը ներկայացնի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2008թ. մարտի 1-ին: Եւ առաջին իսկ քայլերից դա երեւում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության բովանդակությունը խոսում է նրա մասին, որ Նիկոլը շատ ճիշտ է տրամադրված, եւ որ շատ ճիշտ պրոցես է ընթանալու: Ակնհայտ է, որ իրավական առումով այս քրեական գործը որեւէ ապագա չունի, եւ սա միշտ էլ եղել է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության գործ: Մի բան, որ իշխանությունները մշտապես փորձել են հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել իրավական հարթություն եւ, գործադրելով իրենց ունեցած ապօրինի իշխանությունը՝ հասնել նրան, որ հասարակությունը ինչ-որ տեղ զիջումների գնա: Կարծում եմ, որ դա հնարավոր չէ, ցանկացած պարագայում հաղթելու է մեր ժողովուրդը, հաղթելու է Նիկոլը, եւ ակնկալում եմ, որ մոտ ապագում մենք ականատես կլինենք նրան, որ Նիկոլը կարճ ժամանակ անց դատարանի այս դահլիճից կվերադառնա մեր կողքը:
Նիկոլից բացի եւս մոտ երկու տասնյակ բանտարկյալներ կան անազատության մեջ: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինի նրանց ճակատագիրը, ի՞նչ եք ակնկալում բոլոր քաղբանտարկյալների համար:
Նախ, առաջին հերթին մի բան, որի մասին քիչ է խոսվում: Ես կարծում եմ, որ իհարկե ցանկացած մարդ ուզում է, որ նրանք հնարավորինս շուտ հայտնվեն ազատության մեջ: Միաժամանակ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է հպարտանա այն մարդականցով, որոնք պայքարել են, որոնք որեւէ կերպ չեն կատարել իշխանություններին ձեռնտու քայլ, նրանց կեցվածքն ու պահվածքը շատ հերոսական է: Համոզված եմ՝ նրանք նույնպես հնարավորինս արագ հայտնվելու են ազատության մեջ: Դա նաեւ կախված է լինելու մեր ամենօրյա պայքարից, եւ որքան այն ճիշտ կազմակերպվի, այնքան շուտ նրանք կհայտնվեն ազատության մեջ:
Նշեցիք ամենօրյա պայքարի մասին: Հայ ազգային կոնգրեսը որոշակի դադար է վերցրել: Առաջին նախագահն անգամ իր վերջին ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը միայն իր ուժերով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնելու: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ճիշտ թայմ-աութ վերցնելու քաղաքականությունը:
Նախ, ես համաձայն չեմ թայմ-աութի հետ, որ պատասխանեմ, թե որքանո՞վ է դա ճիշտ կամ սխալ: Որեւէ թայմ-աութ չի վերցված: Կա մի բան, մեր հասարակության մի ստվար հատված, կարելի է ասել, քնած էր այն ժամանակ, երբ մենք գոռում էինք, բացականչում էինք, թե ինչպիսի պրոցեսներ են ընթանալու Հայաստանում: Մենք միտինգներ էինք անում, մենք զգուշացնում էինք, պայքարում էինք: Եւ հիմա էլ մենք շարունակում ենք պայքարել, զգուշացնում ենք մեր հասարակությանը, որ տեղի ունենալու ավելի վատը, տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի հետ կապված, գրեթե արդեն իսկ տեղի է ունեցել: Մենք, ասելով, որ Հայ ազգային կոնգրեսի ներուժը բավարար չէ իշխանափոխության հասնելու համար, դրանով իսկ կոչ էինք անում հանրությանը՝ միավորվել, եւ մեզ հետ միասին պայքարել հանուն արդարության վերականգնման, հանուն սահմանադրական կարգի վերականգնման, հանուն իշխանափոխության: Եւ դա պրոցես է, որը մեզ մոտ շարունակաբար ընթանում է: Մենք քաղաքական գործունեությամբ ենք զբաղվել, զբաղվում ենք, եւ զբաղվելու ենք, որքան էլ դա տեւի: Տվյալ պարագայում ես չեմ համարում, թե խնդիրը հանրահավաք անելու կամ չանելու, հաճախակի կամ ոչ հաճախակի անելու մեջ է: Խնդիրը հետեւյալն է, թե երբ դու կկարողանաս հասնել առավելագույն արդյունքի, իսկ առավելագույն արդյունքի համար անհրաժեշտ է մի քիչ ավելի մեծ ներուժ, քան կա մեր հանրության մեջ: Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման արձանագրության ստորագրման հաջորդ իսկ օրը մեր հանրության մի ստվար զանգված այս իշխանությունների հետ տոնում էր Էրեբունի-Երեւանի տոնը, կարծես ոչինչ չէր պատահել Հայաստանում: Քանի դեռ մեր հասարակությունը ամբողջությամբ ուշքի չի եկել, մեզ համար շատ դժվար է լինելու առավելագույն արդյունքի հասնել: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր հանրությանը պարզաբանենք, թե ինչ ենք անելու, փորձենք, որ մեր շարքերն ավելի ընդլայնվեն, ավելի հզորանանք, եւ հասնենք այդ արդյունքին: Դա հետեւողական աշխատանք է, որի տեմպերը ոչ ինձ, ոչ նրանց, ովքեր ցանկանում են մի քիչ ավելի արագ տեսնել արդյունքը, չեն բավարարում, սակայն սա մի պրոցես է, որից չես կարող հեռանալ:
Այդ համատեքստում որքանո՞վ եք հնարավոր համարում Դաշնակցության եւ «Ժառանգության» ներուժի օգտագործումը, եւ որքան անկեղծ եք համարում նրանց ակցիները:
«Ժառանգության» վերաբերյալ որեւէ բան չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությանը, մեկ այլ առիթով այդ գնահատականը տվել եմ, հիմա էլ գտնում եմ, որ նրանք իմիտացիոն բնույթի գործունեություն են ծավալում՝ իշխանությունների հետ համաձայնեցված գործունեություն, եւ չեմ կարծում, թե նրանք երբեւէ կառաջնորդվեն այս իշխանությունից ազատվելու ցանկությամբ:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը




























