«Վերին Լարս»  անցակետում ավելի քան 3500 բեռնատար է կուտակվել, չհաշված մարդատար ավտոմեքենաները, եւ դրանց մոտ 15 տոկոսը հայկական ավտոմեքենաներ են։ Այս մասին մարտի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» անցակետում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա հայտնեց, որ երեկ մի պահ ճանապարհը բացվել էր մարդատար ավտոմեքենաների համար, եւ սպասվում էր, որ այն կբացվի նաեւ բեռնափոխադրումների համար, սակայն առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում ճանապարհը կրկին փակեցին բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

«Հավանաբար ձյան մեծ զանգվածակույտ է ընկել, երեկվանից ձյուն չի գալիս, ուժեղ քամի չկա»,- հավելեց Թանանյանը։

Մաքսային կցորդը պարզաբանեց, որ հերթը, այդ թվում՝ մարդատար ավտոմեքենաներից, մեծանում է։ «Բեռնատարները հինգ օր հերթ են կանգնած։ Թե երբ կբացվի ճանապարհը, դեռ պարզ չէ»,- ընդգծեց նա։