Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչեւ ստուգումների գնալը տնտեսվարողներին կզգուշացնի այդ մասին: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը: «Շատ տնտեսվարողներ բողոքել են, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգումներն առանց նախազգուշացման են կատարվում։ Այժմ շրջայցից առաջ մենք ներկայացնում ենք պահանջվող չափանիշները` նախազգուշացնելով, որ որոշ ժամանակ անց կատարվելու են ստուգումներ, քանի որ մեր գերխնդիրը մարդկանց տուգանքի ենթարկելը չի, այլ սննդի անվտանգությունն ապահովելը»,- ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ է այդ մեթոդն արդյունավետ, նա պատասխանեց, որ  տնտեսվարողներին չեն հայտնում, թե կոնկրետ երբ կանցկացվեն ստուգումներ, իսկ նախազգուշացմամբ նրանց հնարավորություն է տրվում իրենց վաճառքի նորմերը համապատասխանեցնել պահանջվող չափանիշներին  եւ չհայտնվել դատական գործընթացներում:

Բանախոսը խնդրեց հրապարակել տեսչության թեժ գծի հեռախոսահամարը` 45 74 21` վստահեցնելով, որ ստացված ահազանգերից յուրաքանչյուրին արձագանքում են, որոշներին` անմիջապես, որոշներին` համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Օրինակ վերջերս քաղաքացու եւ NEWS.am-ի ահազանգով կասեցվել էր դեղատանը ժամկետանց մանկական սննդի վաճառքը:

Ինչ վերաբերում է Գումի շուկայի ստուգումներին, ապա Պիպոյանի խոսքով` վերջին ստուգման ժամանակ վերցված 31 փորձանմուշներից 30-ի մեջ գտնվել էր վիրուսային հարուցիչ։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ երկու ամիս առաջ կատարված շրջայցից հետո բավական մեծ փոփոխություններ են կատարվել Գումի շուկայում, սակայն դեռ կատարյալին չեն հասել: «Մենք փորձում ենք փոխել մարդկանց մտածելակերպը, որ կենդանական ծագման սննդամթերքը պետք է պահպանել եւ վաճառել համապատասխան պայմաններում»,- ասաց նա: