Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքից ազատված արդեն նախկին 70 աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերը վճարվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը:
Բանն այն է, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանն NEWS.am-ի դիտարկմանը, թե աշխատանքից հեռացված աշխատակիցները Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասել էին, որ չեն ստացել երկու ամսվա աշխատավարձ, այժմ ստացե՞լ են, նա պատասխանել էր, որ աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մեկ ամսվանն էլ անպայման կստանան: Ավելի ուշ մեզ հետ հեռախոսազրույցում Բ. Պիպոյանը նշեց, որ այսօր աշխատակիցներին վճարվել է նաեւ երկրորդ ամսվա աշխատավարձը:
Հիշեցնենք, որ այսօրվա հանդիպմանը նա նշել էր, որ ծառայության աշխատանքից ազատված 70 աշխատակիցների մի մասն արդեն վերադարձել է աշխատանքի, հնարավոր է` մյուսներն էլ վերադառնան, եթե հաղթահարեն մրցույթը: Բաբկեն Պիպոյանի խոսքով` նոր ծառայությունում աշխատատեղերի կրճատում չի եղել, ավելին` նախկին աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել նաեւ տեսչության նոր բացվող 40-50 աշխատատեղերում, որոնք կլինեն ադմինիստրատիվ ոլորտում :
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունների վերամիավորման արդյունքում վերջերս ստեղծվել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով համակարգից հեռացված եւ կադրերի ռեզերվ ուղարկված անձանց գործերը հանձնվել են երկրի բարձրաստիճան ղեկավարությանը եւ Քաղծառայության խորհրդին, կատարվում են ուսումնասիրություններ: NEWS.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արդեն նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը նշել էր, որ Գյուղատնտեսության նախարարության կադրերի բաժինը կոպտագույն սխալ է թույլ տվել` մարդկանց ազատելով աշխատանքից եւ չուղարկելով կադրերի ռեզերվ:



























