ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարին օժանդակողների շրջանակը, համայնքին պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2002-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Փաստական տվյալների համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը, տեղեկանալով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի շրջանակներում ԲԷՑ ՓԲ ընկերության կողմից Ծակքար համայնքում օդային հոսանքագծերի անցկացման նպատակով հողամասերի՝ առավել բարձր արժեքով ձեռք բերելու մտադրության մասին, ինչպես նաև օգտվելով Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման կարգով սահմանված հնարավորությունից, համաձայնության է եկել համայնքապետարանի՝ իրեն մտերիմ երեք աշխատակիցների հետ՝ վերջիններիս պատկանող հողամասերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը գրանցելու, իսկ հետագայում դրանք առավել բարձր գնով ԲԷՑ ՓԲԸ-ին վաճառելուն իրեն օժանդակելու հարցում:

Համայնքապետարանի նշված աշխատակիցները, իրենց վերադասին օժանդակելու նպատակով, կազմել և ստորագրել են համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը փաստացի իրենց պատկանելու, սակայն սխալմամբ 2011թ. դեկտեմբերին նույն հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստեր հավաստող համաձայնագրեր:

Համայնքի նախկին ղեկավարը ԲԷՑ ՓԲԸ-ի կողմից գնման ենթակա 0,166հա մակերեսով տնամերձ հողամասն իր կնոջ, իսկ 0.15հա, 0.137հա, 0.166հա տնամերձ հողամասերը համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների ընտանիքի անդամներին պատկանելու վերաբերյալ կազմված համապատասխան կեղծ փաստաթղթերը և իր կողմից ստորագրված՝ նույնաբովանդակ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ պարունակող գրությունները 2016թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է վերը նշված անձանց և նրանց ընտանիքի անդամների սեփականության իրավունքը հիշյալ հողամասերի նկատմամբ:

 Այնուհետև՝ համայնքի ղեկավարի խնդրանքով 2016թ. սեպտեմբերին, մի կողմից համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների և նրանց ընդանիքի անդամների, ինչպես նաև համայնքի նախկին ղեկավարի և նրա կնոջ, իսկ մյուս կողմից ԲԷՑ ՓԲԸ-ի ներկայացուցչի միջև կնքվել են վերոհիշյալ հողամասերն ընդհանուր՝  14.768.116 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագրեր, իսկ վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարին, ինչի հետևանքով Ծակքար համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի երեք աշխատակիցներին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքի նախկին ղեկավարի կողմից վերականգնվել է համայնքին պատճառված վնասը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: