Աշխարհաքաղաքական դերակատարները միշտ օգտագործել են տեխնոլոգիաներն իրենց նպատակներին հասնելու համար: Ի տարբերություն այլ տեխնոլոգիաների, արհեստական բանականությունը (ԱԲ) շատ ավելին է, քան պարզապես գործիք: Այն արագորեն դառնում է մեր հավաքական ճակատագրի հիմնական որոշիչը: Արհեստական բանականության յուրահատուկ հատկանիշների եւ այլ ոլորտների վրա դրա ազդեցության պատճառով այն արդեն սպառնում է համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հիմքերին, գրում է TechCrunch Global Affairs Project-ը:
Ի վերջո, նոր տեխնոլոգիաների ազդեցությունը հաճախ դժվար է կանխատեսել: Սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը մտել են առօրյա կյանք շատ ավելի վաղ, քան մենք լիովին գնահատում էինք դրանց շահագործման հնարավորությունը: Նմանապես, ժամանակ է պահանջվել՝ գիտակցելու դեմքի ճանաչման տեխնոլոգիայի հետեւանքները գաղտնիության պահպանման եւ մարդու իրավունքների խախտման համար:
Նախ՝ արհեստական բանականության զարգացումը կփոխի երկրների միջեւ ուժերի հավասարակշռությունը։ Տեխնոլոգիաները միշտ ձեւավորել են աշխարհաքաղաքական իշխանությունը: Բոլոր խոշոր տերությունները լավ գիտեն արհեստական բանականության ներուժը՝ իրենց ազգային օրակարգն առաջ մղելու համար: Խոշոր տերությունների կողմից արհեստական բանականության գերադասումը կսրի գոյություն ունեցող կառուցվածքային անհավասարությունները եւ կխթանի անհավասարությունների նոր ձեւերի ի հայտ գալը:
Երկրորդ՝ արհեստական բանականությունը կընդլայնի աշխարհաքաղաքական խաղացողների նոր խումբ հավաքելու հնարավորությունները՝ ազգային պետությունների սահմաններից դուրս: Որոշ առումներով առաջատար թվային ընկերություններն արդեն ավելի ազդեցիկ են, քան շատ երկրներ:
Երրորդ՝ արհեստական բանականությունը հնարավորություններ կբացի հակամարտության նոր ձեւերի համար: Դրանք տատանվում են՝ սկսած այլ երկրներում հասարակական կարծիքի եւ ընտրությունների արդյունքների վրա ազդելուց՝ կեղծ լրատվամիջոցների եւ սոցցանցերում շահարկվող գրառումների միջոցով, մինչեւ այլ երկրների կարեւոր ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը կամ հաղորդակցությունը, միջամտելը:
Հակամարտության այս ձեւերը դժվար կլինի հաղթահարել, ինչը կհանգեցնի սպառազինությունների վերահսկման գործիքների ամբողջական վերաիմաստավորման, որոնք պիտանի չեն հարկադրանքի զենքի դեմ պայքարելու համար: Սպառազինությունների վերահսկման ներկայիս բանակցությունները հակառակորդներից պահանջում են հստակ պատկերացում ունենալ միմյանց հնարավորությունների եւ իրենց ռազմական անհրաժեշտության մասին:
Առանց կատարման համար պարտադիր պայմանագրերի, որոնք սահմանափակում են դրանց տեղակայումը, պատրաստի բաղադրիչներից հավաքված սպառազինության ինքնավար համակարգերը ի վերջո հասանելի կդառնան ահաբեկիչների եւ այլ ոչ պետական դերակատարների համար: Զգալի հավանականություն կա նաեւ, որ սպառազինության վատ ուսումնասիրված ինքնավար համակարգերը կարող են ակամա հակամարտություններ առաջացնել կամ սաստկացնել առկա ռազմական գործողությունները:
Արհեստական բանականության աշխարհաքաղաքական ռիսկերը նվազեցնելու եւ դրա նկատմամբ անհրաժեշտ ճկուն ու համակողմանի վերահսկողություն ապահովելու միակ միջոցը ԱԲ-ի առավելությունների, սահմանափակումների եւ բարդությունների մասին բաց երկխոսությունն է:





























