Հոնկոնգի իշխանությունները, հաշվի առնելով համաճարակային իրավիճակի բարելավումը, մեկ շաբաթ հետո մեգապոլիսում կթուլացնեն սահմանափակիչ միջոցները։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում տեղեկացրել է պարենի եւ առողջապահության քարտուղար (նախարար) Սոֆյա Չենը։

«Ապրիլի 21-ից մենք կսկսենք սահմանափակիչ միջոցների չեղարկման առաջին փուլը»,- ասել է նա։

Խոսքը մարզական օբյեկտների, կինոթատրոնների, գեղեցկության սրահների, ատրակցիոնների, կրոնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների աշխատանքի վերսկսման մասին է։ Դրանք փակվել էին հունվարի սկզբին, երբ քաղաքում բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքը։ Այս հաստատությունները կարող են աշխատել 50 տոկոս բեռնվածությամբ, պատվաստված այցելուների համար։

Ռեստորանների աշխատանքը կերկարացնեն ժամը 18.00-ից մինչեւ 22.00-ն։ Բնակչությանը կթույլատրվի, ներկայիս երկուսի փոխարեն, հավաքվել չորս հոգով։ Լողափերը, լողավազանները, զբոսավայրերը եւ բարերը առայժմ փակ կմնան։

Չորեքշաբթի Հոնկոնգում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազել էր՝ հասնելով 1 272-ի։ Համավարակի ամենաթեժ պահին՝ մարտի 9-ին, այդ ցուցանիշը հասել էր մոտ 59 հազարի։