Հայաստանի ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրը Հայաստանը Եվրոպան Ասիայի հետ կապող տարանցիկ երկիր դարձնելն է, հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը։

«Մեր խնդիրն է մտնել ու վերցնել Եվրոպա-Կովկաս-Ասիա տարանցիկ միջանցքը, եւ այդ հարցի շուրջ մենք արդեն խոսել ենք Հայաստանի ե՛ւ նախագահի, ե՛ւ վարչապետի հետ»,- հայտարարել է Շայդուլինը։ Նա հայտնել է, որ արդեն մեկ ամսից 70 վագոն թողունակությամբ լոգիստիկ նոր կենտրոն կբացվի Ախուրյան կայարանում։ Ընդհանրապես, ըստ Շայդուլինի, «Հարավկովկասյան երկաթուղու» ռազմավարությունը լոգիստիկ կենտրոնների զարգացման մեջ է, ինչը կնպաստի հայկական երկաթուղու միջազգային մակարդակի դուրս գալուն։ «Ներկայումս մենք ներդրողներ ենք փնտրում միջազգային լոգիստիկ կենտրոնների ստեղծման համար»,- նշել է նա։ Տարանցիկ նոր հեռանկարների լույսի ներքո ներկայումս քննարկվում է Ֆիոլետովո-Վանաձոր նոր երկաթուղային ճյուղի շինարարության հարցը։ Շայդուլինն ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ակտիվորեն համագործակցում է «Վրացական երկաթուղու» հետ՝ համալիր բեռնափոխադրումների ապահովման նպատակով։ Ըստ նրա, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն արդեն համալիր բեռնափոխադրումներ է իրականացնում Նիդերլանդներից ու Գերմանիայից։