Թայվանի հյուսիսային Սինբեյ քաղաքի առողջապահական ոլորտի պատասխանատուները ռեկորդային բարձր տուգանք են սահմանել 18-ամյա տղայի նկատմամբ՝ կարանտինը խախտելու համար: Երկուշաբթի օրը ICRT-ի տվյալներով՝ նրա ընտանիքը 1,5 մլն թայվանական դոլար (51 500) պետք է վճարի։
Կորոնավիրուսով վարակված դեռահասը խախտել է տնային կարանտինի 10-օրյա ռեժիմը։ Հանգստյան օրերին նա գնացել է ընկերների հետ բասկետբոլ խաղալու եւ նվեր գնելու իր ընկերուհու համար, որը նույնպես վարակված է եղել։
Սկզբում երիտասարդը փորձել է հերքել, որ դուրս է եկել տնից։ Սակայն ոստիկաններն ու բժիշկները որպես ապացույց վկայակոչել են սոցիալական ցանցերում տեղադրված նրա լուսանկարները։ Դրանց սքրինշոթերն իշխանություններին համացանցի օգտատերերից մեկն է ուղարկել։
Պարզվել է, որ երիտասարդը դիտավորյալ հեռախոսը թողել է տանը, որպեսզի խաբի COVID-19-ով հիվանդներին հետեւող ծրագրին։ Լուսանկարներ անելու համար նա մեկ այլ սմարթֆոն է օգտագործել։
Այս տուգանքը կղզում ռեկորդային է դարձել համավարակի սկզբից։





























