Թուրքիայի հետ ներկա փուլում հարաբերությունների կարգավորման հակառակորդները կոչ են անում ողջ հայ ժողովրդին համախմբվել եւ տապալել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կամ հասնել դրանցում փոփոխությունների: Ինչպես հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, այսօր ժողովրդի համախմբումը պետք է կայանա ազգային հարցի շուրջ:
«Ինչո՞ւ մենք պետք է միանանք Հայ ազգային կոնգրեսի հետ: Ո՞ր ինչի հասնենք: Աթոռից հանենք Սերժ Սարգսյանին եւ նրա տեղը նստեցնենք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն»,- հարց է տալիս պատգամավորը՝ նշելով, որ գործող նախագահի հրաժարականը առաջնահերթ խնդիր չէ, իսկ դաշնակցականները իշխանափոխություն չեն ուզում, ինչպես եւ չեն ուզում իրենք գալ իշխանության:
ՀՅԴ կարծիքով, կարեւոր նպատակին հասնելու հետագա քայլերը կուսակցությունն արդեն նախանշել է: Նախ, պետք է պայքարել, որ Սահմանադրական դատարանը արձանագրությունները որակի որպես Սահմանադրությանը հակասող, ապա, եթե դա չստացվի, շարունակել վավերացման դեմ բողոքը խորհրդարանում:
ՀՅԴ-ն կարծում է, որ ամեն ինչ դեռ կորսված չէ. «համենայն դեպս, մենք 120 տարի պայքարում ենք ազգային շահերի համար եւ շարունակելու ենք այդ գիծը»: «Մենք պետք է պայքարենք: Բայց մենք պայքարում ենք թուրքերի դեմ, իսկ իշխանություններն ու Հայ ազգային կոնգրեսը՝ մեր»,- նկատել է նա:
NEWS.am-ի թղթակից հարցին՝ նշանակում է դա, որ ՀՅԴ-ն կոչ է անում ժողովրդին պայքարել թուրքերի դեմ, Շահբազյանը այդուհանդերձ խոստովանեց, որ խոսքը գնում է երկու իշխանությունների միջեւ պայքարի մասին: «Ստեղծված իրավիճակը ստիպում է հանգել այն տխուր իրականությանը, որ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները գործում են մեկ հարթության վրա»,- նշեց նա եւ հավելեց, որ ՀՅԴ-ն դեռ չի փակում իշխանության հետ երկխոսության դռները, բայց «երբ մենք կփակենք այդ դուռը, խնդիր կառաջանա, եւ հնարավոր է երկրում իշխանափոխության եւ կառուցվածքային փոփոխությունների հարց դրվի»:




























