2009թ. առաջին ինը ամիսների ընթացքում Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել է թվով 57 հանցագործություն՝ նախորդ տարվա 31-ի փոխարեն:
ԱՆ Քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նշվել է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին ՔԿՀ-ներից դուրս Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է 33 հանցագործություն՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն: Խուզարկությունների եւ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների արդյունքում ծառայությունը հայտնաբերել եւ առգրավել է թվով 4528 արգելված իր, որը նախորդ տարում եղել է 3035: Կրկնակի ավելացել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը: Ավելացել է նաեւ ծառայողների կողմից թույլ տրված հանցավոր արարքների բացահայտումների քանակը, որը հաշվետու ժամանակահատվածում հասել է 7-ի՝ նախորդ տարվա 4-ի փոխարեն:
Ի դեպ, խորհրդակցության ժամանակ նշվել է, որ «Սեւան» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են ժամանակակից ինժեներատեխնիկական «հակափախուստային փշալարեր», իսկ մյուս հիմնարկներում արդիական «հակափախուստային փշալարերը» կտեղադրվեն մինչեւ տարեվերջ:




























