2010 թվականից Վրաստանի բոլոր հայկական դպրոցների շրջանավարտները հնարավորություն կունենան երկրի բարձրագույն հաստատություն ընդունվել՝ տալով միայն մեկ՝ «Ընդհանուր հիմունքներ» ընդունելության քննությունը։ Ընդ որում, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կայացրած որոշման համաձայն, այդ միակ քննությունը կարող են հանձնել իրենց մայրենի լեզվով։

Ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության հայկական լեզվով «Մոամբե» լրատվական հաղորդումը, այդպիսով վերջնականապես կորոշվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քաղաքացիական հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաեւ ոչ վրացալեզու հասարակությանը հավասար իրավունքներ տրամադրելու հարցը"։

Հանձնելով «Ընդհանուր հիմունքներ» քննությունը՝ հայկական դպրոցների շրջանավարտները կարող են մրցույթից դուրս ընդունվել զրո կուրս՝ կառավարության կողմից հավելյալ բյուջետային տեղերի տրամադրման շնորհիվ։ Զրո կուրսում նրանք հատուկ ուշադրություն կդարձնեն վրաց լեզվի եւ գրականության վրա, որը ավարտելուց հետո նրանք իրենց ուսումը կշարունակեն իրենց ընտրած մասնագիտությամբ։

Ավելացնենք, որ վրացական հեռուստաընկերության համաձայն, հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի Հավլաբարում գտնվող N98 ռուսական միջնակարգ դպրոցում, որտեղ հիմնականում սովորում են Վրաստանում բնակվող փոքրամասնությունների ներկայացուցիչները, կբացվի Սայաթ-Նովայի թանգարանը։ Միջոցառումը կընթանա դպրոցական «Թբիլիսին մեր տունն է» փառատոնի ավարտի շրջանակներում։