Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձել Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին: Հանդիպմանը նաեւ մասնակցել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Իսկ ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Թինա Քեյդանաուն հոկտեմբերի 19-21-ը Հայաստանում հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում փոխպետքարտուղարի օգնականը ընդգծել է, թե ԱՄՆ կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, այդ թվում` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցով, որի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտին (2010թ.) հատկացված գումարը կկազմի ավելի քան 180 միլիոն ԱՄՆ դոլար:
Հայաստան այցից հետո Թինա Քեյդենաուն այցելելու է Վրաստան եւ Ադրբեջան:




























