Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը որոշել է բաժանել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումները՝ ում պատահի: Ընդ որում, Երեւանի ավագանու անդամներից միայն մեկն է համարձակվել քննադատել քաղաքապետի ինքնագլուխ գործողությունները:
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Երեւան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում մի շարք հարցերից բացի ընդգրկված է եղել նաեւ Նորք-Մարաշ համայնքի թաղապետ Վարազդատ Մկրտչյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը: «Ոչ մեկ չի կարող հակառակն ասել, որ թաղապետերը իրենց 11 տարվա աշխատանքային տարիների ընթացքում ունեցան մեծ ներդրում: Ունենալ նախկին թաղապետ, այսօրվա վարչական շրջանի ղեկավար եւ Երեւանի պատվավոր քաղաքացի, ինձ թվում է լրիվ բարոյական է»,- իր առաջարկը պատճառաբանել է Գագիկ Բեգլարյանը:
Վերջինիս առաջարկին միայն ընդդիմախոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբյանը, որը նշել է, թե Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանը ժամանակին արժանացել են Վիկտոր Համբարձումյանն ու Շառլ Ազնավուրը, Լուժկովն ու Ելցինը, եւ կոչ է արել քվեարկելիս չառաջնորդվել քաղաքական դիրքորոշումներով, այլ այն իրականացնել խղճի մտոք: Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետը հայտարարել է, թե թվարկված անունների մեծ մասին կոչումներ են տրվել քաղաքական նկատառումներով. «Ուզում եմ սրանից հետո կոչում տալ էն մարդկանց, ովքեր իրականում Երեւան քաղաքի համար արարել են, հաջորդ այսպիսի կոչում մենք կտանք էն շինարարին, էն վարորդին, էն կանաչապատումով զբաղվող մարդուն, էն մտավորականին ու գիտնականին, ովքեր իրականում Երեւանում ունեցել են նշանակալից դեր»,-հակադարձել է Բեգլարյանը:
Այսքանից հետո չենք զարմանա, որ Երեւանի քաղաքապետը պատվավոր քաղաքացու կոչում տա, ասենք, որեւէ թաղային հեղինակության կամ ոստիկանի: Որեւէ մեկը չի կարող հակառակն ասել, թե այդ մարդիկ քիչ գործ են արել Հանրապետականի հաղթանակն ապահովելու համար:




























