Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը հայ եւ ադրբեջանցի պատգամավորները կքննարկեն տարածաշրջանային հարցեր, եւ չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է դառնալ քննարկումների թեմա։ Հոկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։

Նրա խոսքով, վերջին ժամանակներս կապերը մի շարք ուղղություններով ակտիվացել են, օրինակ` սկսել են Թուրքիա հրավիրվել տարբեր խմբեր, լրագրողներ։ "Այսօր ակտիվացել է հատկապես Ռուսաստանը, որն այս պարագայում կազմակերպել է հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը։ ""Ի ուրախություն մեզ"՝ Ռուսաստանը կրկին եղբայրացել է Թուրքիայի հետ",- հայտնել է Շահբազյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի համար այդօրինակ միավորումը միշտ ողբերգական կերպով է ավարտվել։