Թուրքիայի Գերագույն դատարանը հաստատել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատավճիռը՝ նախագահին եւ պետությանը «վիրավորելու» համար, հայտնում է Reuters-ը։
Քաֆթանջիօղլուն գլխավորում է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլի մասնաճյուղը։
2019 թվականին նա նշանակալի դեր է խաղացել քաղաքի մունիցիպալ ընտրություններում, որոնցում ԺՀԿ-ն ստացել է քաղաքապետի պաշտոնը, որը վերջին 25 տարիների ընթացքում պատկանում էր նախագահ Թայիփ Էրդողանի ԱԶԿ կուսակցությանը եւ նրա իսլամիստ նախորդներին:
Ավելի ուշ նույն տարի նա դատապարտվել էր երեք հոդվածով՝ նախագահին, պետական պաշտոնյային եւ պետությանը վիրավորելու մեղադրանքով, ինչպես նաեւ ահաբեկչական քարոզչություն տարածելու երկու հոդվածով՝ մի շարք թվիթներից հետո, որոնք Էրդողանի արժանապատվությունը նվաստացնող էին համարվել։ Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։
ԺՀԿ-ն դատավճիռները բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, որը մերժել է քարոզչության երկու մեղադրանքը, սակայն երեքը հաստատել է։ Սա նվազեցրել է նրա ազատազրկման ժամկետը մինչեւ 4 տարի, 11 ամիս եւ 20 օր:
Ըստ թուրքական օրենսդրության՝ 5 տարուց պակաս պատժաչափերը պայմանական են, եւ երկու իրավաբան փորձագետ ասել են, որ Քաֆթանջիօղլուն չի ազատազրկվի:
Վճռաբեկ դատարանի որոշումից կարճ ժամանակ անց Քաֆթանջիօղլուն Twitter-ի իր տեսաուղերձում խոստացել է, որ կշարունակի աշխատել «Թուրքիայի ողջ 84 միլիոն բնակչության արդարության համար»։
ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն բոլոր ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել հավաքվել դատարանի շենքի մոտ՝ բողոքելու որոշման դեմ։
Թուրքիայի դատական անկախությունը վերջին տարիներին եղել է ուշադրության կենտրոնում, հատկապես 2016 թվականի ձախողված հեղաշրջումից հետո դատական համակարգի եւ պետական այլ մարմինների նկատմամբ ճնշումներից հետո:
Քննադատներն ասում են, որ դատարանները գտնվում են Էրդողանի եւ նրա իսլամիստական ԱԶԿ կուսակցության ճնշման տակ:




























