Մեծ Բրիտանիայում աշխատավայրում ճաղատ տղամարդուն վիրավորելը հավասար է սեռական ոտնձգության։

Մազաթափությունը շատ ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց մոտ, ուստի տերմինի օգտագործումը «կապված է սեռի հետ» եւ հավասարազոր է կնոջ կրծքի չափի հետ կապված մեկնաբանությանը, հայտարարել է աշխատանքային վեճերի դատարանը, հայտնում է UK Telegraph-ը:
Եզրակացությունը, որին հանգել են երեք դատավորները, վերաբերում էր էլեկտրիկ Թոնի Ֆինին, ով դատի էր տվել Յորքշիրում գտնվող փոքր ընտանեկան բիզնեսին։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ֆինի ղեկավարներից մեկը՝ Ջեյմի Քինգը, իբր նրան «գեր ճաղատ» էր անվանել, իսկ ավելի ուշ նա հեռացվել էր Արեւմտյան Յորքշիրում գտնվող British Bung-ից, որը զբաղվում է տակառների համար փայտե խցանների արտադրությամբ:

Մեղադրանքը հանգեցրել է նրան, որ դատավոր Ջոնաթան Բրեյնի գլխավորած հանձնաժողովը քննարկել է՝ արդյո՞ք Քինգի ճաղատության մասին հիշատակումը պարզապես վիրավորական էր, թե՞ ոտնձգության աստիճանի է հասել:

«Մեր կարծիքով՝ կապ կա մի կողմից «ճաղատ» բառի եւ մյուս կողմից սեռի պաշտպանված բնութագրի միջեւ,- ասել է դատարանը։- Մենք կարծում ենք, որ դա անքակտելիորեն կապված է սեռի հետ»: Դատավճռի մեջ նշվում էր, որ ընկերության փաստաբանը «ճիշտ էր՝ պնդելով, որ կանայք, ինչպես եւ տղամարդիկ, կարող են ճաղատ լինել», սակայն պնդել է, որ «ճաղատությունը տղամարդկանց մոտ շատ ավելի տարածված է, քան կանանց մոտ»:

Եզրակացության մեջ նշվում էր նաեւ, որ Ֆինին ճաղատ գլխի համար քննադատելը «արժանապատվությունը խոցող» եւ «նվաստացուցիչ» էր։

Բացի Ֆինի՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ հայցի բավարարումից դատարանը վճռել է, որ ընկերությունը անարդարացիորեն է հեռացրել նրան աշխատանքից 24 տարի աշխատելուց հետո:

Ֆինի ֆինանսական փոխհատուցման չափը կորոշվի ավելի ուշ: