Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` օգոստոսի 5-ին ընդունել է օգոստոսի 13 -21-ին կայանալիք 5-րդ համահայկական խաղերի Երեւան քաղաքի մարզական պատվիրակության անդամներին եւ բացման շքերթը գլխավորող 10 հանրաճանաչ մարզիկներին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանը հույս է հայտնել, որ երեւանցի մարզիկներն այս մարզական ստուգատեսում հերթական անգամ աչքի կընկնեն լավ արդյունքներով եւ հատկանշել, որ քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացմանը, քանի որ բացի առողջ ապրելակերպ քարոզելուց, Երեւանում անցկացվող մարզական միջոցառումները խթան կհանդիսանան  նաեւ մայրաքաղաքն ավելի ճանաչելի դարձնելու առումով:

10 մարզաձեւերի 12 հավաքական թիմերի մարզիչները ներկայացրել են թիմերի պատրաստվածության վիճակը, նշել, որ քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, ապահովված են մարզական հանդերձանքով եւ պատրաստ  են համահայկական 5-րդ  խաղերում պայքարել բարձր տեղերի համար:

Հավաքական թիմերի մարզիչների բարձրացրած  խնդիրներից մի քանիսը տեղում լուծում են ստացել, առանձին հարցերի շուրջ տրվել են հանձնարարականներ: Քաղաքապետը կարեւորել է հանգամանքը, որ թիմերի համալրման ու ֆինանսավորման  հարցում բացի քաղաքաքապետարանի  աջակցությունից անհրաժեշտ է փոխշահավետ առաջարկների տեսքով ներգրավել նաեւ բիզնես ոլորտը:

Երեւանի քաղաքապետը նշել է, որ անձամբ հետեւելու է համահայկական 5 րդ խաղերի ընթացքին եւ մարզիկների հետ  կհանդիպի արդեն մարզահրապարակներում: