Այսօր` հոկտեմբերի 22-ին Բաքվում բացվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների 21-րդ նիստը: Այս նիստում կազմակերպության նախագահությունը Բուլղարիայից փոխանցվելու է Ադրբեջանին։ Վերջինս կազմակերպությունում կնախագահի այս տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ եկող տարվա ապրիլի 30-ը:

Բացման խոսքով հանդես է գալու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նիստին մասնակցելու են նաև Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսասատանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։ Այն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին: