Ինքս լինելով այդ հրմշտոցի մեջ, ամեն ինչ ֆիքսել եմ՝ ոստիկանների դեմքերով, կարմիր բերատավոր կոչված վայրենիներով, որոնք մարդկանց խեղդամահ անելով, հրելով, գցելով, մեջքը հարվածելով ասֆալտին եւ քարերին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Կոնկրետ նվաստացման տեսարաններ էին փորձում բեմադրել: Բավարարելու են միլիարդավոր պարգեւավճարներըւ, որոնք ստացել են: Սա մեկ նպատակ ունի՝ մեզ  շեղելու մեր նպատակից, որ իր նախարարիկներին հարցնենք՝ դուք հայկական շա՞հն եք պաշտպանում, Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներում արդյոք ինչ դիրքորոշում պետք է ունենաք դուք: Մենք այդ հարցի պատասխանն այսօր ստանալու ենք:

Ոստիկանները գնում են նախարարներից ճշտում են՝ արդյոք ուզում են պատգամավորների հետ հանդիպել, թե ոչ: ՀՀ որեւէ վարչական շենք պատգամավորի համար  չի կարող նախնական թույլտվության անհրաժեշտություն պահանջել:

Այս բոլոր հիմնարկներն իշխանազավթված են: Այստեղ շատ քիչ թվով հայրենասեր մարդիկ են մնացել: Մնացած բոլորը Նիկոլի պարգեւավճարի ու թուրք-ադրբեջանական ստացած փողերից իրենց բաժինը պահանջողներ են, որոնք Հայաստանում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց նա:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք:  Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշտոց սկսեց, մի քանի քաղաքացիներ թեթեւ վնասվածքներ ստացան, ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ: Բացի այդ, ոստիկանները քարշտ տալով ու ձեռքերն ոլորելով հեռացրին պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Կարմիր բերետավորներն էլ բիրտ ուժի գործադրեցին պատգամավոր Արամ վարդեւանյանի նկատմամբ՝ ձեռքով սեղմելով պարանոցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: