«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասել են ԱԳՆ-ի մոտ եւ ընդդիմադիր պատգամավորները ցանկություն են հայտնել հանդիպել այդ շենքում գտնվող նախարարների հետ:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հեռախոսով խոսեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ՝ նշելով. «Ձեզ փոխանցում եմ, որ այս պահին նախարարության շենքի առջեւ բազմահազարանոց ցույցի մասնակիցներն են, որոնք լիազորել են, որ մեր խմբակցությունից 5 պատգամավոր հանդիպի ձեզ հետ»:
Նախարարն արձագանքեց, որ զբաղված է, կես ժամից հետ կզանգի: «Հիմա ես երթին ասեմ՝ կես ժամ սպասե՞ն: Լավ, ես կկողմնորոշվեմ, եթե երթը որոշի սպասել, կսպասենք»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Այնուհետեւ նա լրագրողներին տեղեկացրեց, որ դրանից առաջ ԲՏԱ նախարարն ու արդարադատության նախարարը պատասխանել են, որ իրենք այստեղ չեն, իսկ Վահրամ Դումանյանն ասել էր, որ ավելի ուշ ժամանակ կհատկացնի:
«Ինքն ասաց, որ սիրով միայն ինձ կընդունի, բայց ես ասացի, որ հանդիպումը պետք է լինի առնվազն 5 պատգամավորի հետ: Դրանից հետո նախարարը փոխեց ռեժիմը՝ ասելով, որ այս պահին զբաղված է նաեւ օրակարգ խնդրեց: Երեւանի պարոն Դումանյանը չգիտի, որ կառավարությունը հաշվետու է ԱԺ-ին:
Այս պահին ԱԳՆ շենքը շրջափակված է սաղավարտներով ու վահաններով զինված մեծաթիվ ոստիկաններով:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր՝ մայիսի 31-ին, երթով Ֆրանսիայի հրապարակից հասան ԱԳՆ շենքի մոտ, որտեղ նաեւ այլ նախարարություններ են գտնվում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգմավորները հայտարարել են, որ ցանկանում են պարզել Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։





























