Մայիսի 20-ի դրությամբ Հայաստանում դրամաշրջանառության էական աճ է գրանցվել. Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 1,2 միլիարդ դոլարով։
«Պատկերացնու՞մ եք, թե որքան է այս գումարը Հայաստանի համար»,- հարցրեց վարչապետը։
Նա նշեց, որ աճն անհերքելի է նույնիսկ գնաճը հաշվի առնելով։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ, գնաճի ազդեցությունը աճի վրա չի գերազանցում 200 միլիոն դոլարը։
«Եվ սա առավելագույնն է։ Որոշակի մասը կապված է նաեւ դեպի Հայաստան ուղեւորահոսքի աճի հետ։ Սակայն ազդում են ոչ միայն այս երկու գործոնները։ Դրանք բազմաթիվ են, եւ դրանց թվում է նաեւ ստվերային տնտեսության կրճատման գործոնը»,- պարզաբանեց Փաշինյանը։





























