Սևան ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի առաջին աստիճանն է, որտեղ իրականացվում է Սևանա լճից ջրի ներհոսքը։ Անցյալ տարվա աշնանը՝ ոռոգման ավարտի հետ, դադարեցվել է նաև լճից ջրի բաց թողնումը, այս տարի դեռ չեն սկսել, տեղեկացնում է․ a1plus.am–ը։

«Սպասում ենք, հենց հիմա արդեն օրերն է սպասում ենք։ Կառավարության որոշումն արդեն կա՝ քանակի վերաբերյալ՝ նորից 170 միլիոն խորանարդ մետր են Սևանից ջուր բաց թողնելու՝ ոռոգման համար»,- ասում է Սևան ՀԷԿ-ի պետ Էռնեստ Օհանջանյանը։

Սևանա լճից ջուրը բաց կթողնեն նախ Հրազդան ՀԷԿ, ապա Մարմարիկի ջրամբար, այնուհետև Արգել, Արզնի, Քանաքեռ և Երևան ՀԷԿ-եր։ Հիդրոէլեկտրակայաններ հասնելու ճանապարհին էլ ոռոգում կիրականացվի։ Լճից ջուրը բաց կթողնվի միայն այն ժամանակ,  երբ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները Սևան-Հրազդան կասկադի՝ կապարակնիքները կբացեն։

«էս կնիքն ա։ Կնքված ա տարբեր կազմակերպությունների կողմից, երբ ոռոգման խնդիր էլ չի լինում, ջուր պետք չի լինում Սևանա լճից բաց թողնելու, գալիս են, կնքում են ու ակտ են կազմում, որ պլոմբած է, կնիքված է»,- ցույց է տալիս փականագործ Գուրգեն Գուլանյանը։

Այս պահի դրությամբ Սևանա ջրի բարձրությունը մի քիչ է բարձր 1900 սանտիմետրից, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 22սմ-ով։ 1 սմ բարձրությունը հաշվվում է 10 միլիոն խորանարդ ջուր։

«Պատճառը հիմնականում լցվող ջրերի քանակությունն է եղել, որ նախկինում եղել է ավելի շատ՝ էսօր ավելի քիչ։ Թե չէ ուրիշ բան չկա։ Սևանից դուրս եկող ջրի ամեն մի կաթիլը մեր մոտով է անցնում, որը կնքված, փակված դուրս չի գալիս Սևանից»,- ասում է Սևանի ՀԷԿ-ի պետը։

Սևան ՀԷԿ-ից վստահեցնում են՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը չի ազդում ոռոգման համար նախատեսված քանակի վրա։ Բայց այն հանգեցնում է ամռան սեզոնին Սևանա լճի ծաղկմանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։