Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակն այս տարի անցյալ տարվանից բարձր է, իսկ Սեւանա լճում՝ ցածր։ Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ջրամբարներում ընդհանուր առմամբ 207 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ ջուր կա, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ «Հիմնականում միայն Ախուրյանի ջրամբարի շնորհիվ, որն ամենամեծն է Հայաստանում։ Իր պաշարների շնորհիվ ոռոգվում են Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի մեծ տարածքներ։ Սակայն նրա ոռոգման գոտին չի համընկնում Սեւան-Հրազդան ավազանի հետ։ Ախուրյանը Սեւանին փոխարինող չէ, իսկ Արարատյան դաշտի արեւելյան հատվածը Ախուրյանի ջրամբարից չի կարող ոռոգվել»,- պարզաբանեց Սանոսյանը։

Բուն լճում, հավելեց նա, ջրի մակարդակը 19 սանտիմետրով ցածր է, քան նախորդ տարվա նույն օրերին։ Նախարարը նշեց, որ Արփա-Սեւան թունելից լիճն է լցվել շուրջ 118 միլիոն խորանարդ մետր ջուր կամ մոտ 8 միլիոնով ավելի, քան նախորդ տարի։ «Համեմատաբար բարենպաստ ջերմաստիճանային պայմանների պատճառով՝ երկու-երեք օրից կսկսվի ոռոգման ջրհավաքը Սեւանա լճից։ Այսինքն՝ 8-10 օր ուշ, քան անցյալ տարի»,- հավելեց Կառավարության ներկայացուցիչը։ Սակայն, ըստ նրա, մինչեւ հուլիսի սկիզբը սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, որի պատճառով կարող է շատ ջուր պահանջվել։