Գնաճն անզեն աչքով կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Այս մասին հունիսի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով քննադատությունները, թե գնաճն անզեն աչքով է երեւում, չնայած այն բանին, որ բնակչության եկամուտները ոչ մի կերպ չեն ավելացել։
Նրա խոսքով, վերջերս հաղորդվել է, որ ԱՄՆ-ում գնաճը կազմել է ավելի քան 8 տոկոս։ Այս ցուցանիշը, ըստ նախարարի, աննախադեպ է. «50-60 տարի նման գնաճ չի եղել։ Նույնը կատարվում է Եվրոպայում։ Այստեղ խոսքը ոչ թե զուտ հայկական, այլ համաշխարհային երեւույթի մասին է։ Ուստի նման լանդշաֆտում ունենալ 8,5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում նույն 8,5 տոկոսն է, սա պարզապես ֆանտաստիկ արդյունք է»,- վստահեցրեց էկոնոմիկայի նախարարության ղեկավարը։
Միաժամանակ նախարարը շտապեց հայտարարել, թե դա ամենեւին չի նշանակում, որ իշխանությունները գոհ ու երջանիկ են եղած արդյունքից։ «Իհարկե, մեր ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որ տնտեսական արդյունքները, որ ունենք, իսկ գիտեք, թե որքան բարձր են դրանք, քանի որ այս տարվա առաջին 4 ամիսների տնտեսական ակտիվության ինդեքսը 9,4 տոկոս է կազմել, բաշխվեն բնակչության միջեւ»,- նշել է Քերոբյանը։





























