Հայկական պատվիրակության Բաքու ժամանելու դեմ կազմակերպված բողոքի ակցիան ոստիկանները ցրել են: Հիշեցնենք, որ այսօր Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրի ԱԳ նախարարների 21-րդ նիստին մասնկացելու համար Բաքու է ժամանել նաեւ հայկական պատվիրակությունը` ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: Այս կապակցությամբ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) հայտարարել էր, որ բողոքի ակցիա է կազմակերպելու այն հյուրանոցի դիմաց, որտեղ տեղի ունենում ՍԾՏՀԿ նիստը:

ՂԱԿ-ի ակտիվիստները փորձել են բողոքի գործողություն անցկացնել, սակայն ոստիկանները դա թույլ չեն տվել ու ցրել են հավաքվածներին:

NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ այդ ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նաղին ասել էր. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չհետեւել միջազգային կազմակերպությունների պահանջներին: Այն պետության պատվիրակությունը, որը, խախտելով միջազգային կազմակերպությունների պահանջները, օկուպացրել է ադրբեջանական տարածքները, չպետք է այցելի Ադրբեջան, իսկ ադրբեջանական պատվիրակությունները չպետք է այցելեն այդ երկիր»:

ՂԱԿ-ը կարծում է նաեւ, որ Թուրքիան, ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, ջախջախիչ հարված է հասցրել Ադրբեջանի շահերին եւ դավաճանել նրան: Սրա հետ կապված, ՂԱԿ-ը Թուրքիայի նախագահին, վարչապետին ու ԱԳ նախարարին հայտարարել է անցանկալի անձ եւ հավելել, որ այդ անձանց այցելությունն Ադրբեջան այսուհետ եւս լուրջ բողոք կառաջացնի: