Թուրքիայի ղեկավարության այն հայտարարությունը, թե թուրք-հայկական սահմանը չի բացվի մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ մի բան է, իսկ թղթի վրա եղածը՝ բոլորովին այլ բան։ Այս մասին Բաքվում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, ըստ որի, հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց որեւէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման շուրջ, երկու կողմերի համաձայնության արդյունք են։

Կիրակոսյանը մեկնաբանել է նաեւ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթերի շուրջ երեկվանից թուրքական խորհրդարանում սկսված քննարկումները՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունում նույնպես արդեն սկսվել են ներքին ընթացակարգերը։

Ընդ որում Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիովին տարբեր գործընթացներ են. «Հայ-թուրքական հարաբերությունները՝ ինքնիշխան երկու պետությունների հարաբերություններ են եւ, օրինական տեսանկյունից, ոչ մի կերպ չեն առնչվում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացին։ Այդ պատճառով էլ, եթե արձանագրությունների ստորագրումից ու վավերացումից հետո ամեն բան ընթանա նորմալ հունով, ապա սահմանները կբացվեն»։

Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ Կիրակոսյանը նշել է, որ գործընթացը շարունակվում է։ «Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպել են 7 անգամ։ Դա շատ դրական պահ է։ Ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների քննարկումները։ Բանակցությունները շարունակվում են կառուցողական ու դրական հունով»,- հայտարարել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում ամենագլխավորը համարում է արդյունքը։ Ըստ նրա, երբ կողմերը համաձայնություն ձեռք բերեն կարգավորման գլխավոր սկզբունքների հարցում, «այդ ժամանակ կսկսվի բանակցությունների երկրորդ՝ վերջնական փուլի իրականացումը»։

Պատասխանելով «Ադրբեջանի օկուպացված տարածքները» Հայաստանի կողմից ազատելու մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Կիրակոսյանը նշել է, որ հարցը ճիշտ չի ձեւակերպված։ «Ստեղծված իրավիճակը՝ պատերազմի, այլ ոչ թե օկուպացիայի հետեւանք է»։