Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստները, որն ուղղված է եղել հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Հերթական անգամ ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ցուցարարաները իրենց ակցիան անցկացնեն: Մասնավորապես, ոստիկանները պատռել են ցուցարարների ձեռքին գտնվող պաստառները, դրանք անվանել են հակապետական ու ստիպել են ազատել կառավարության շենքի առաջամասը:

Ակցիային մասնակցել է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշել է, որ ոստիկանների արարքը հանցագործություն է: Նրա խոսքով, իրենք մտադիր են եղել կառավարության շենքի մոտից բարձրանալ Նախագահի նստավայր, իսկ ոստիկանները պատռել են իրենց պաստառները: Բողոքի գործողությանը մասնակցել է նաեւ հայագետ, Բեռլինի համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը, ով երեկ ասուլիսում հայտարարել էր, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունենում ցեղասպանության ճանաչման հարցում: Մասնավորապես, 10 օր առաջ գերմանական Մյունխեն քաղաքում հայերի, հույների ու այլ ազգերի մասնակցությամբ համագումար է տեղի ունեցել, որտեղ ցեղասպանության մասին ոչ մի խոսք չի հնչել, թեեւ նախկինում նման հանդիպումների ժամանակ նման բան լինել չէր կարող: